Featured

Վերապատրաստման երկրորդ օր

Վերապատրաստման երկրորդ օրը ավելի քան հագեցած էր: Ներկայացվող տեղեկատվությունը այնքան հետաքրքիր էր, որ չէի ուզում ավարտվեր մեզ հատկացված ժամանակը: Առաջացած նորանոր հարցերիս սպառիչ պատասխաններ ստանալը կրկնապատկում էր «Իմացումի հրճվանքս»: Դա էր  պատճառը, որ վերջինը ես եմ դուրս եկել գրադարանից….

Աննկարագրելի շատ հմտություններ սովորեցի այսօր, ընկեր Անահիտի պրոֆեսիոնալ մոտեցման շնորհիվ… Ինձ համար արդեն տիրապետելի հմտություն է բլոգում նյութերի տեղադրումը: Մեծագույն սիրով լրացրեցի «Իմ մասին » էջը, սովորեցի բլոգում բաժիններ բացելու հմտությունը: Օրը ամփոփեցինք կրթահամալիրում իրականացվող նախագծային ուսուցման մասին քննարկումով, հանձնարարություն ստացանք մշակել ուսումնական նախագիծ:

Դդմածես․ ուսումնական նախագիծ

Նախագծի նպատակը

  •  Դդմի մասին տեղեկությունների ձեռքբերում
  • Ղափամայի ծեսի նախապատրաստում, մասնակցություն

Գործունեության ձևեր

  • Դդմի մասին առած- ասացվածքների, շուտասելուկների, հանելուկների հորինում
  •  Դդմային կերպարներ նկարել, պատմել նկարի մասին
  • Դդմային պատմության հորինում և ձայնագրում «Մի նախադասություն դու, մեկ նախադասություն ես» մեթոդով

«Մի նախադասություն դու, մեկ նախադասություն ես»
մեթոդի նկարագրություն

Խաղավարը կախարդական գնդակը փոխանցում է սովորողներին, իսկ նրանք, յուրաքանչյուրը մեկ նախադասություն ասելով, փոխանցում են իրար:  Պատմությունն ավարտվում է, երբ վերջին սովորողն ասում է իր նախադասությունը:

Խոհանոցային գործունեություն

Դդմային կերակրատեսակների`աղցանի, թխվածքաբլիթի պատրաստում

Տեխնոլոգիական գործունեություն

  • Դդմանկար –դդումները գուաշով ներկում ենք, կերպավորում

Խաղեր

Դդմագլոր

1․ Սովորողները դդումները գլորում են, հետո փորձում հաշվել, թե քանի ոտնաչափ է իրենց գլորած դդումի ճանապարհը:

2․ Սովորողները բաժանվում են երկու խմբի: Խմբից մեկը գլորում է դդումը, իսկ մյուսը պետք է այդ նույն ճանապարհով ինքը գլորվի, վերցնի դդումն ու դդմի հետ գլորվելով հետ վերադառնա:

3․ Փափուկ ներքնակներին շրջանաձև նստում են, դդումն իրար գլորում, ում գլորում են, նա դդում բառով նոր բառ է ասում, կազմում /դդմատոն, դդմա…/

Երաժշտական գործունեություն

  • Ղափամայի ծիսական երգերի ուսուցում

Լավաշթխիկի ծես․ ուսումնական նախագիծ

Վայրը՝  Ագարակ
Մասնակիցներ ՝ 
1-2 դասարանի սովորողներ

 Ծրագրի ընթացքը

Սովորողներին ծանոթացնում ենք.

51074

Նպատակը՝  ազգային մշակույթի յուրացում-տարածում ազգային ժառանգության փոխանցում, Կոմիտասի երգերի, հացթխիկի երգեր-պարերգերի, մշակումների, բանաստեղծություններ հետ ծանոթացում

Խնդիրներ՝

Ուսումնասիրել  լավաշթխիկ  ծեսը,ծիսական  միջավայրը

  յուրացնել  ազգային, ծիսական  երաժշտական  նյութը

  ուսումնական  գործընթացը  կազմակերպել  դպրոցում, դրսում՝  այգում, դաշտում,  այլ  բնական  միջավայրում

Երգում ենք՝ ՀԱՑ ԹԽԵԼՈՒ ԽԱՂԵՐԳԵՐԻ ՇԱՐԱՆ

ՏԱՏԻԿ ԶԱԼՈՒՐ ԿԸ ՄԱՂԵՐ

Տատիկ զալուր կըմաղեր,
Տատիկ զալուր կըմաղեր,
Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր մազերուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր հոնքերուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր թշերուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր դոշերուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր ուսերուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր թևերուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր թաթերուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր բըտըվնուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր փեշերուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր ոտքերուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Տատիկ զալուր կըմաղեր:

ԳՈՒՆԴ ԱՆԵՄ

Գունդ անեմ, գունդ անեմ, գունդ անեմ,
Տապ անեմ, ալուր ցանեմ, տապ անեմ, տապ անեմ,
Գունդ բացեմ, գունդ բացեմ, գունդ քցեմ, գունդ քցեմ,
Բատատին քցեմ, թոնրին խփեմ, հաց հանեմ, հաց հանեմ:

ՔՈՒՐԻԿ ԶԻԶԻ

Քուրիկ Զիզի, կայնի, խաղա, լե, լե, լե, աշե,
Քուրիկ Զիզի, նստի, խաղա, լե, լե, լե, աշե,
Քուրիկ Զիզի, թեշիկ մանի, լե, լե, լե, աշե,
Քուրիկ Զիզի, ալուր մաղի, լե, լե, լե, աշե,
Քուրիկ Զիզի, խմոր շաղի, լե, լե, լե, աշե,
Քուրիկ Զիզի, թոնիր վառի, լե, լե, լե, աշե,
Քուրիկ Զիզի, հացը թխի, լե, լե, լե, աշե:

Պարում ենք` Կոմիտասի «Շորոր»,   Թամզարա

Նկարագրություն

Սովորողների  և ծնողների հետ իրականացնում ենք լավաշթխիկի ծեսը։ Ալյուրը մաղում ենք, խմորը հունցում, թողնում ենք հասունանա: Մինչ խմորը կհասունանա, զրուց-քննարկման արդյունքում փորձում ենք ամբողջացնել, թե ինչ գիտենք խմորի, լավաշի, թոնրի մասին: Երգում ենք`Հաց թխելու խաղերգերի շարանը, պարում՝ պարերը:

Զրուցելուց հետո, վերցնում ենք ուսապարկերը, քայլարշավով գնում Ագարակ`թոնրատուն, որտեղ էլ իրականացնում ենք լավաշթխիկը:

Արդյունքում համտեսում ենք մեր թխած լավաշը, , տեսանյութեր և ֆոտոպատումներ ենք հրապարակում բլոգում, ենթակայքում:

Վերապատրաստման երրորդ օր

Ինչպես կրթահամալիրում անցնող յուրաքանչյուր օր, վերապատրաստման երրորդ օրը նույնպես անկրկնելի էր․․․

 Այս հանդիպման ընթացքում անդրադարձանք բլոգների ձևավորումն առանձնահատկություններին, կառուցվածքին,քննարկեցինք բլոգին ներկայացված պահանջները: Քննարկեցինք նախապես մշակված անհատական նախագծերը: Օրը ամփոփեցինք ֆոտոշարքի տեսքով:

Տպավորություններ առաջին օրվանից

Դպրոց գալու ճանապարհին անընդհատ մտածում էի ինձ սպասվող միջավայրի, ինքս իմ առջև նետած նոր մարտահրավերի, կրթահամալիրի կայքն ուսումնասիրելիս առաջացած մտորումներիս և հազար ու մի բանի մասին….Ներսումս և՛ կասկած կար, և՛ վախ, և՛ նորանոր հմտություններ սովորելու, գիտելիքներ կուտակելու պահանջ,և՛ երեխաների հետ ստեղծագործելու, միմյանցից անվերջ սովորելու անհագ ցանկություն…..

Ներս մտա…..

Առաջինը. ինչ նկատեցի, դասասենյակների ապակյա պատերն էին: Թափանցիկ դասասենյակները ապշեցրին ինձ: Ամբողջ կյանքում մեզ ավանդված անխախտ սովորությամբ պատերի սովոր մարդու համար սա իրական շոկ էր….

Հասա դպրոց….դռները բաց էին, արևը շողշողացնում էր շենքի ճակատը: Բակում հանգիստ էր ու խաղաղ: Կախարդական տեսարանս ընդհատվեց  բակում աշխատող շինարարի գործիքի սթափեցնող ձայնից…..

Մտքերիցս հետ եկա իրականություն….

Սկսվեց վերապատրաստման առաջին օրը:

Ընկեր Անահիտը ծանոթացրեց «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր»-ի պաշտոնական կայքի, ենթաբաժինների,  կրթահամալիրում իրականացվող այլընտրանքային հեղինակային կրթական ծրագրի,բլոգավարության և մի շարք այլ մանրամասների հետ: Միջավայրը հետաքրքիր էր, նոր ինֆորմացիան՝ գրավիչ և խոստումնալից….